Էջ:Ազգին բարերարի գերեզմանը 05.jpg

Այս էջը հաստատված է

հավաքվեցան և մտան քովի դպրոցի մեկ սենյակը՝ խորհրդակցության։

Ամբողջ կես ժամ պոռացին, ճվացին և որոշեցին ժամկոչին արգիլել գերեզման վարելը։

Ժամկոչը դադրեցուց։

Պատարագը վերջացավ, դագաղը բերվեցավ դուրս և Խաչերը տեղեկացավ ահավոր եղելության։

— Ժամկո՛չ, քեզի ի՞նչ ըսի ես։

— Չեն թողուր, աղա՛, չե՜ն թողուր. ես ազգին ծառան եմ, անոնք ալ ազգին մեծն են,— պատասխանեց ժամկոչը շրթունքները դողալով։

— Անոնք ազգին մեծն են, ես մեծը չե՞մ,— գոռաց Խաչերը։ Ժամկոչը գլուխը կախեց։ Խաչերը փորձեց հարձակվիլ ժամկոչի վրա, բայց թաղականները մեջ ինկան։ Եկեղեցիի բակին մեջ գտնված հասարակությունը բաժնվեցավ երկու մասի, սկիզբը թաղականները խոսեցան հանգիստ և խաղաղասիրական տոնով, բայց հետո չդիմանալով Խաչերի գոռումներուն և հայհոյություններուն, անոնք ալ ձայները բարձրացուցին։ Երկու կողմերուն տիրեց գռեհիկ անկեղծություն։ Աղմուկ, իրարանցում։ Դագաղը մոռացան, կիները սկսան լալ և աղաղակել, իսկ ասդին սկսան գլուխ ջարդել։

Այսպես է գավառներու մեջ, ազգային վիճաբանություններուն ամեն մարդ կը խառնվի, կը բռնե մեկ կամ մյուս կողմը, գրեթե առանց տրամաբանության, շատ անգամ նայած պայքարը սկսող անհատներու իրենց հետ ունեցած հարաբերության։

— Այստե՛ղ պիտի թաղվի, իմ պապուս տվածն է այս հողը, ազգին աչքը քոռնա,— կը մռնչեր Խաչերը։

— Չպիտի՛ թաղվի, շուն պապդ թաղվեցավ, հերիք է,― կը պատասխաներ ամբոխը։

Կազմվեցան կռվողներու զանազան խումբեր, իրար հրեցին, քշեցին, բերին ձգեցին դաղաղին վրա, որու ատեն մեռելի տեր կիներու կոծը բռնեց ողջ երկինքն ու գետինը։

— Պիտի թաղեմ, հո՛ս պիտի թաղեմ,— կը գոռար Խաչերը շան նման փրփրած։

Անիկա ինքզինք զսպեց և ոչ ոքի վրա ձեռք չբարձրացուց, եթե ոչ՝ ամբոխը գլուխը իրանեն կը բաժներ։