— Տերտեր պապա, վաղը Մարսուպ աղայի քառսունքն է, անոր հոգիին համար սուրբ պատարագ կը բռնես և կը հայտարարես սուրբ պատարագի մեջ, որ Փորսուխենց աղան իր եղբոր Մարսուպ աղայի քառսունքի առթիվ «իբրև հավերժ» կը նվիրե իր պաղչային տասնևհինգ արշըն գետին և իր ծախքովը պատ կը քաշե և կը միացնե եկեղեցիի գերեզմանոցին։
— Մարսուպիս գերեզմանն ալ հետը կը նվիրեմ սուրբ եկեղեցիին,— ավելցուց անիկա։
Ավագ քահանան լսեց, շնորհակալություն հայտնեց ազգին կողմե, «Հայր մեր» մըն ալ փնթփնթաց և պիտի մեկներ ուղիղ մյուս քահանաներուն մոտ տեղեկացնելու, երբ Խաչերը ուզեց իր վերջին բաղձանքը հայտնել.
— Տե՛ր պապա, պատարագը դո՛ւն կընես։
— Շատ աղեկ, Խաչեր աղա, շատ աղեկ, բայց հերթը Տեր Գրիգորինն է,— պատասխանեց ավագ քահանան։
— Հերթ֊մերթ չեմ գիտեր, իմ փափագս է, որ սուրբ պատարագը դուն ընես վաղը։
Ավագ քահանան գլուխը շարժելով դուրս գնաց։
Երկրորդ օրը հանդիսավոր պատարագ էր։ Ավագ քահանան հայտարարեց նոր նվիրատվությունը, հիշատակեց նաև պապի նվիրատվությունը։
— Վերջը վերջը խենթին գերեզմանը բակը ձգեց,— քթերնուն տակ լուռ մռնչացին եկեղեցիեն դուրս ելլողները, և բոլորովին դժգոհ։
1921 թ.