Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/137

Այս էջը սրբագրված է

թի՝ ազգային մշակոյթի (յատկապէս՝ գեղարուեստի,
որ գերազանցօրէն ազգային ստեղծագործութիւն է):

Ֆիզիքական ու հոգեկան առանձնայատկութիւնների
ընդհանրութիւնը, երկրային ու պետական
կապերը, կենցաղային նմանութիւնն ու մշակոյթի
նոյնութիւնը, ընդհանուր ապրումներն ու
ընդհանուր վիճակը անցեալում ու ներկայում,
սրանք ծնունդ են տալիս փոխադարձ հասկացողութեան,
մօտիկութեան ու մի առանձին մտերմութեան՝
ազգ կազմող մարդկանց միջեւ. ապա
ծնունդ են տալիս ազգային ինքնագիտակցութեան,
փոխադարձ կապերի, իրաւունքների ու
պարտականութիւնների ճանաչման, ձգտումների,
ցանկութիւնների, կարիքների ու պահանջների
ընդհանրութեան:

Ահա՛ թէ ինչ է ազգը:

Բացատրութիւնը մի քիչ երկար է ու ո՛չ ցանկալի
չափով որոշակի, բայց երեւոյթի բարդ էութիւնը
թոյլ չի տալիս ամփոփելու այն՝ մի սեղմ
ու կտրուկ ֆորմիւլի մէջ:

Ազգը պատմա—մշակութային երեւոյթ է,
ազգային միութիւնը պատմա—մշակութային կապակցութիւն:

Վերջի հաշուին՝ մշակոյթն է, որ ժողովուրդներից
ազգեր է ստեղծում, բաժանում է մարդկութիւնը
տարբեր ազգութիւնների եւ միացնում
է մարդկանց ազգութիւնների մէջ։