Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/186

Այս էջը սրբագրված է

գամայն, որ գերմանական, բելգիական, ֆրանսիական
կամ անգլիական պրոլետարիատը շատ էլ
մտահոգուած չի եղել ազգային խնդիրներով. այդ
խնդիրները ունեցել են նրա համար աւելի տեսական,
քան կենսական նշանակութիւն, որովհետեւ
ինքը ազգայնօրէն զրկուած կամ վտանգուած չէ
եղել երբեք:

Դրութիւնը փոխուեց, երբ սոցիալիստական
բանակի մէջ տեղ գրաւեցին ու իրանց ձայնը լսելի
արին աւստրօ—հունգարական եւ ռուսական սոցիալիստները:
Այս բազմազգեայ կայսրութիւնների
մէջ պրոլետարիատի մի խոշոր մասը (գերիշխող
ազգութեան չպատկանող մասը) ինքը ապրել
էր, ինքը կրել իր վրայ ազգային իրաւազրկութեան
ծանրութիւնը, գիտէր, թէ ո՛րքան թունաւորուած
է իր կեանքը ու ո՛րքան կաշկանդուած
առաջադիմութիւնը ազգային բնոյթ ունեցող
զրկանքների պատճառով: Խնդիրը դարձաւ լուրջ
մտահոգութեան առարկայ - մի կենսական պահանջ,
որ պէտք է բաւարարուէր, սպառնալով հակառակ
դէպքում սոցիալիստական բանակի ամբողջութեան։

Սրանից մօտ երեսուն տարի առաջ աւստրիական
սոցիալիստները մշակեցին մի մանրակրկիտ
ծրագիր՝ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները
պաշտպանելու համար բազմազգեայ
պետութիւնների մէջ։ Իսկ մեր օրերում ռուս
բոլշեւիկները փորձ արին գործնականօրէն լուծե-