Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/242

Այս էջը սրբագրված է

էր նրա ստեղծագործութեան անկենդան կմախքը,
մի շատ հարուստ լիբրետօ, որ առատ նիւթ էր
տուել բեմական ամէն տեսակ effetների ու trucների
համար:

IV


Ֆրանսիացի դերասանն ու ֆրանսիական բեմը
չեն կարող ներկայացնել անգլիական կամ
գերմանական ողբերգութիւն — ճիշդ այնպէս,
ինչպէս ֆրանսիացին չի կարող խօսել անգլիերէն
կամ գերմաներէն:

Ի՞նչպէս թէ չի կարող... Զէ՞ որ հազարաւոր
ու հազարաւոր ֆրանսիացիներ խօսում են
իրանց հարեւանների լեզուները:

Այո խօսում են: Բայց խօսում են այնպէս,
ինչպէս պարսիկ սազանդարները նուազում են
Շտրաուսի վալսերը ու ինչպէս հանգուցեալ Աբդուլ
Բազին երգում էր Թիֆլիսում մոփալաքների
համար ռուս—ցիգանական ռոմանսներ:

Պարադոքս է թւում սա: Բայց եթէ մի քիչ
մտածէք, թերեւս համաձայնէք ինձ հետ, որ օտար
լեզուն իսկապէս անմատչելի է մարդու համար,
որ սովորելով չի կարելի իւրացնել ուրիշի
լեզուն:

Եւ մեծացել եմ ու ապրել այնպիսի հայ շրջանի
մէջ, ուր տիրապետողը եղել է ռուս լեզուն: