Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/279

Այս էջը սրբագրված է

Ոչ, հակասութիւն չկայ։

Անգլիերէն ասուած խօսքը չի կարելի թարգմանել
ռուսերէն, — դա ճիշդ է։ Բայց դա չի
նշանակում, թէ անգլիերէնից թարգմանուած
կամ անգլիական ազդեցութեան տակ կազմուած
ռուսական խօսքը չի պարունակում իր մէջ անգլիական
տարրեր: Պարունակում է անպայման,
անհրամեշտօրէն — չի կարող չպարունակել։ Որքան
էլ թարգմանութիւնը ռուսերէն լինի, այնուամենայնիւ
թարգմանական ռուսերէնի վրայ
մնում է բնագրի կնիքը — ինչ որ մի բան, որ
թերեւս անկարելի լինի բացատրել, բայց որ
զգացւում է յստակօրէն: Երբ ես կարգում եմ
ռուսերէն լեզուով՝ անգլիերէնից թարգմանուած
մի վէպ — առանց գիտենալու հեղինակի ազգութիւնը
եւ անկախ վէպի բովանդակութիւնից
գլխի եմ ընկնում — համարեա առանց վրիպումների,—
որ կարդացածս անգլիական գրուածք է.
բնագրի լեզուն կարծես թափանցում է թարգմանութեան
տողերի տակից: Անուշադիր, անպատրաստ,
կամ լեզուային նրբութիւնները նկատելու
անընդունակ ընթերցողը կարող է չտեսնել,
չհասկանալ տարբերութիւնը, բայց տարբերութիւնը
այնուամենայնիւ կայ եւ անխուսափելիօրէն
ազդում է ընթերցողի մտքի վրայ, ընդարձակում
է ու զօրացնում խօսելու կարողութիւնը,
լեզուային նոր կարելիութիւններ է պատրաստում
նրան: