Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/78

Այս էջը սրբագրված է

Կայ մի ազգ միայն — բոշան, որի պետութիւն
կազմելը, երբեւիցէ ու որեւէ տեղ, մնում է
տակաւին անյայտ: Բայց այս միակ ու բացառիկ
օրինակը չի կարող նսեմացնել ընդհանուր երեւոյթի
ոյժը, մանաւանդ որ բոշաների «ազգ» լինելը
լուրջ կասկածներ է յարուցանում:

Իսկ ընդհանուր երեւոյթն այն է, որ ազգերը
պետութեան մէջ են որոնել ու գտել իրանց ապաստանը,
կազմել են պետութիւններ ու զէնքի ոյժով
պաշտուանել այն. եւ, եթէ դժբախտութիւն են
ունեցել կորցնելու, տառապել են կորուստից, յամառօրէն
ձգտել են վերահաստատելու եւ ապրել
են ապագայի յոյսերով: Ամբողջ 19րդ դարի պատմութիւնը
եւ մանաւանդ մեր ապրած շրջանը 20րդ
(դարի առաջին քառորդը) բազմաթիւ ապացոյցներ
են տալիս ազգերի այս բուռն, այս անխորտակելի
տենչին:

Ինքնապահպանման բնազդը մղում է ազգերը
դէպի ինքնուրոյն պետական կեանք:

Ինչո՞ւ:

Որովհետեւ, պետական կեանքը ազգային
կեանքի գոյութեան (կամ՝ առնուազն՝ նրա ապահովութեան)
անհրաժեշտ պայմաններից մէկն է։
Պէտք է գիտնալ տարբերել ազգը պետութիւնից
(ազգը nation չէ): Բայց չի կարելի չտեսնել, որ
սրանք խիստ սերտ կապուած ու միմեանց լրացնող
միութիւններ են: