Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/86

Այս էջը սրբագրված է

յաղթական իսլամին, էական ուղղումներ է մտցրել
նրա մկջ ու ստեղծել է մի նոր դաւանանք՝
շիայութիւն: Ինչո՞ւ Հայը՝ ենթարկելով իրան ամենամեծ
զրկանքների, նեղութիւնների ու վտանգների՝
դարեր ու դարեր հաւատարիմ է մնացել
իր ազգային եկեղեցուն:Եւ ինչո՞ւ նոյն Հայը,
ընդունելով կաթոլիկութիւնը, մերժել է քահանայապետի
անսխալականութիւնը, պահել է ժամասութեան
մէջ իր լեզուն, իր շարականը, ծէսերը...

Պատահակա՞ն երեւոյթ են սրանք թէ՞ բնական
հետեւանք այն խոշոր տարբերութիւնների,
որ գոյութիւն ունեն սպանացու եւ գերմանացու,
պարսիկի եւ արաբի, Հայի եւ թուրքի կաթոլիկ
հայի, եւ կաթոլիկ բրետոնացու հոգեկան շէնքի,
հոգեկան պահանջների ու ըմբռնումներէ մէջ:

Դաւանանքը՝ ինչ ծագում էլ ունենայ, ո՛րտեղից
ու ինչպէս էլ ներմուծուած լինի՝ անխուսափելիօրէն
ազգայնանում է ժամանակի ընթացքում
եւ ազգայնանալուց յետոյ ինքը դառնում
է մի նոր ազգային տարր:

Կաթոլիկ սպանացին ամէն Կիրակի ներկայ է
լինում հանդիսաւոր messeին, մոմ է վառում
սուրբերի առջեւ, հաղորդւում է աստուածային
արիւն—մարմինով, օծում է ճակատը սուրբացած
ջրով, տարին մի քանի անգամ մասնակից է լինում
օպերային ներկայացումների պէս շքեղ
բեմադրուած թափորներին, զարդարում է Տիրամօր