Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/107

Այս էջը հաստատված է
*

Լույս-վայրերից նա իջած,
Օթևանեց իմ հոգում.
Հոգուս մի երգ շըշընջաց —
Եվ ա՛յդ երգն եմ ես ոգո՜ւմ.

—Կյանքն է՝ երա՜զ վաղանցիկ,
Բայց հարափա՜յլ, գեղեցի՜կ...
Եվ վի՜շտ ու խի՜նդ, խա՜նդ ու սե՜ր.
Պատրանք, կարո՜տ, վառ հույսեր,
Ապրումների մո՜ւթ ու լո՜ւյս,
Սիրո համբո՜ւյր, բախտի հո՜ւյզ...
Թե չեն խոսում սըրտիդ հետ —
Դու չե՜ս ապրում, ա՛յ պոետ։

—Երկի՜նք, արև՜, ա՜մպ ու ծո՜վ,
Ամռան խորշա՜կ, գարնան զո՜վ.
Ժըպիտն աշնան հեգ վարդի
Դալուկ գըրկում սաղարթի,
Պաղ բարձունքնե՜ր ձյունաթագ,
Գեղեցկի փա՜յլ ու փափա՜գ,
Թե չեն խոսում սըրտիդ հետ —
Դու չե՜ս ապրում, ա՛յ պոետ։

Լույս վայրերից նա իջած,
Օթևանեց իմ հոգում.
Հոգուս մի երգ շըշընջաց —
Եվ ա՛յդ երգն եմ ես ոգում։

Մոսկվա


ԱՂՋԻԿ ԵՎ ԹԻԹԵՌ

Լացի՛ր ինձ հետ, խղճո՛ւկ թիթեռ,
Լացող ընկեր քեզ գըտար.
Թո՛ղ երկուսիս տանջված սրտեր
Միմյանց լինեն մխիթար։