Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/11

Այս էջը հաստատված է

Թո՛ղ ոգի շնչե հայացքըդ դյութիչ.
Ես կամիմ երգել հրաշքներ գարնան…

Թո՛ղ որպես անուշ զեփյուռ քաղցրաշունչ,
Քո թովիչ ձայնը հնչե ականջիս
Ե՛վ հուսո տաղեր, և՛ սիրո մրմունջ,
Ես կամիմ երգել տենչանքը սրտիս։

Ես կամիմ երգել անվերջ քաղցրություն
Մի նոր, ոսկեհույս և խաղաղ կյանքի.
Ես կամիմ երգել սիրո սրբություն
Եվ վսեմ փայլը անկեղծ վաստակի։

Ես կամիմ երգել, երգել հարատև,
Որպես թռչունը ազատ եթերում.
Օ՜, շտապի՛ր, Մուսա՛, թռի՛ր սրաթև.
Քանի երազըս չի ցնդել օդում…
1888, 9 փետրվարի


ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ

(Իմ վաղամեռ ընկ. Հ. Բաբաջանյանի հիշատակին)

Ավա՜ղ, դու մեռար, թանկագին ընկե՛ր,
Բայց մեռար, որպես մի զոհ չարատանջ.
Ո՜հ, ինչո՞ւ խաբված՝ դու սիրանվեր,
Բացիր քո սիրտը ամենքի առաջ,

Ինչո՞ւ մանկական անկեղծ հավատով
Դու ձեռք պարզեցիր դավաճաններին,
Եվ եղբայրական անձնազոհ սրտով
Համբույր դրոշմեցիր չար շրթունքներին…

Ինչո՞ւ չարանենգ խաբեբայության
Դու զոհ բերեցիր քո սուրբ խորհուրդներ…
Եվ քսու մարդկանց կեղծ մտերմության
Դու ընծայեցիր և՛ հավատ, և՛ սեր։