Ու լալիս ես՝ դու վիզ ճըկած,
Ավեր երկրիդ լուռ վըկա.
Բայց, էհ, զո՜ւր են քո սուգ ու լաց —
Սուգ ու լացում - կյա՛նք չըկա...
Եղբա՛յր, լացով կյանքի թըփից
Ո՞վ է քաղել գարնան վարդ...
Հեռո՛ւ քեզնից թուխպ ու թախիծ,
Հեռո՛ւ քեզնից ցավ ու դարդ...
Որպես պողպատ՝ կըրակն ընկած,
Դու ամրացի՛ր, կարծրացի՛ր.
Նո՛ր ույժերով, նորից վառված,
Ապրի՛ր, կըռվի՛ր ու գործի՛ր...
Անդուլ կըռվում, անդուլ գործում
Քեզ չի՛ հաղթիլ ժանտ ձըմեռ.
Գործի՛ր, եղբա՛յր, կըռվի ծոցում
Ու փայփայի՛ր գարնան սեր...