Գարնան երգին ականջ դըրած
Գարուն — կյանքըս հիշեցի.
Ի՛նչ կար սրտումս վաղուց լըսած
Նորոգ կյանքի կոչեցի։
Ես ասացի — ելե՛ք, հույսեր,
Վըշտոտ սըրտիս փարեցե՜ք.
Այս մութ օրիս, որպես լույսեր,
Մութ երկինքըս վառեցե՜ք։
Ես ասացի — սի՛րտ իմ, զարթի՛ր
Եվ նոր երգով սիրավետ
Խանդ ու ավյուն, հույզ ու թըրթիռ
Խառնի՛ր գարնան երգի հետ...
Եվ ձեռք առա քընարն իմ լուռ
Ու լարերին խըփեցի,
Բայց երգի տեղ — աղեկտուր
Սըրտիս ողբը լսեցի...