Կըտակի նըման, այրված դեմքերից Քըրտինքն է վազում ու շոգիանում։ Եվ խո՜րթ է նըրանց թուլամորթ տրտունջ. Արյունն է եռում բանուկ ձեռքերում. Արդար վաստակի սերն է սրբաշունչ Նըրանց ուժ տալիս ու ոգևորում։ Երկի՛նք գըթառատ, որ լույս-հայացքով Նայում ես չարքաշ մըշակի կյանքին — Այդ կյանքը լի է հազա՜ր զըրկանքով... Մի՛ թող դու նըրան կարոտ քո խնամքին։
Կյանքի խաղ էր — պատահեցանք, Մըտերմացանք մենք իսկույն. Ե՛վ սիրեցինք, և՛ հիացանք, Օրեր տեսանք վարդագո՜ւյն... Կյանքի խաղ է — բաժնվում ենք, Զո՜ւր են և՛ վիշտ, և լալիք... է՛հ, սիրելի՛ս, միայն մենք չենք Կյանքի ձեռքին խաղալիք...
Հո՛գ չէ. թե նորից կյանքդ չարաչար Մեզ խաբեց, եղբա՜յր... Եվ այսօր մեր շուրջ Նորից տիրել է սըրտամաշ խավար, Չե՜ն շողում էլ մեզ ո՛չ հույս, ո՛չ անուրջ... Եվ խավար հեռուն աչքներըս հառած, Անսեղան հյուր ենք կյանքի խընջույքում.