Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/116

Այս էջը հաստատված է

Տըխուր կյանքիս ամեն մի օրն,
Որպես դալուկ մի տերև,
Ընկած դաժան հողմի բերան,
Թոշնեց անշո՜ղ, անարև՜...

Անլույս անցա՜ն, լուռ մարեցին
Իմ շա՜տ հույսեր, շա՜տ փափագ.
Ո՛ւմ էլ սիրո վարդ ձոնեցի —
Վարդըս ձգեց ոտքի տակ...

Ա՜խ, հոգնել է սիրտըս ցավից,
Հոգնել այս փուշ աշխարհից,
Հավերժ հանգիստ, գեթ դու ժըպտա՛
Սըրտիս — շիրմի խավարից...


ՏԱՐԵՄՈԻՏԻ ԵՐԳԵՐԻՑ

Ե՛կ, ընկե՛ր իմ, էլի՛ ասենք
էս նոր-տարուն Նո՛ր բարև,
էլի՛ հուսանք ու երազենք
էս մութ օրին — լո՜ւյս արև...

Հինը անցա՜վ, հինը գընա՜ց...
Աստված անի՜ — հե՛տ չըգա.
Մեր դարդերին նա խո՜ւլ մընաց,
Մեր ցավերին՝ լո՜ւռ վըկա...

Ամե՛ն ճամփորդ մութ գիշերին,
Ամե՛ն լողորդ ժանտ ծովում.
Իրան տված վառ հույսերին՝
Երազնե՜ր է միշտ շոյում...

Մե՛նք էլ, ընկե՛ր, արի՛ ասենք
էս նոր-տարուն նո՛ր բարև,
էլի՛ հուսանք ու երազե՛նք
էս մութ օրին — լո՜ւյս արև...