Ո՛չ, քեզ չեմ ձըգած, իմ սիրա՜ծ քընար,
Հեղհեղուկ կյանքիս ընկե՜րն անմեկին.
Որպես հարատարփ, խանդոտ սիրահար,
Մի՛շտ քո կարոտն է քաշել իմ հոգին:
Կյանքի պայքարում հոգսը դըժնդակ,
Որպես ապառաժ, ծանրացած վերաս,
Փակե՜լ էր լեզուս... Բայց էլի միակ
Դո՛ւ էիր հոգուս տենչանքն ու երազ...
Լուռ էիր, ընկեր... վաղուց չէր հնչում
Խոսուն լարերից ոգիչ ելևէջ.
Բայց սերըդ կյանքի ժըխորի միջում
Ես պահում Էի միշտ վա՜ռ ու անշեջ...
Եվ տանջվում էի անլո՜ւր. անապատո՛ւմ,
Որ չէիր խոսում դու էլ հոգուս հետ.
Կյանքըս անիծում... Բայց և՛ հավատում.
Որ չե՛մ կորուսել քեզ անդա՜րձ, հավետ...