Մի՞թե ծանոթ չէր քեզ այս բիրտ աշխարհ,
Այս անվերջ ծովը դառնությունների.
Ուր ազատ միտքը, ազատ գաղափար,—
Ո՜ղջը զոհված է զազիր կրքերի…
Ուր ստրկությունը, որպես կուռ շղթա,
Խեղդում է և՛ սիրտ, և՛ վեհ ձգտումներ,
Ուր սև նենգության թույնը անխընա
Մարդկային կյանքը դարձնում է ավեր:
Ուր չկա անկեղծ ո՛չ մտերմություն,
Ո՛չ բուռըն ձգտում անձնազոհության,
Ուր անարգված է սուրբ ճշմարտություն,
Եվ փառքը շիջած առաքինության…
1888, 25 մարտի