ԴԵՊԻ ՀԱՐԱՎ
Նորի՛ց դեպի քեզ, հարա՛վ հիասքանչ,
Դեպի քո վայրեր ծաղկո՜ւն. հարափա՜յլ,
Գալիս եմ հիվանդ, բերում ցավատանջ,
Անուրախ մի կյանք՝ շիրմից էլ մըռայլ...
Գալիս եմ... և իմ պըղտոր, սևասուգ
Հայացքիս առաջ կյանքիս ապագան
Պատկերանում է անշունչ ու անշուք,
Որպես երեկոն մահացող աշնան...
Ա՛հ, օրհնյա՛լ աշխարհ, դու վերջի՜ն իմ հույս,
Ի՛նչ ես դու արդյոք երգչիս պատրաստած—
Նորոգված կյանքի մի նոր արշալո՜ւյս,
Թե՞ կյանքի տենչանք՝ շրթունքիս սառած...