Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/133

Այս էջը հաստատված է

Բայց քանի՜ անգամ ես կոտր եմ ընկած
Այդ մեր մեջ մընա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։

Կյանքում ես գտա մի «ազնիվ ընկեր».
Գործիս մեջ դրեց տասնյակ հազարներ.
Բայց վե՞րջը… վերջը նա քաղցած մընաց.
Իսկ ես կշտացա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։

Ես միշտ ասում եմ և միշտ քարոզում.
«Աղքատն էլ մարդ է, ուտել է ուզում».
Բայց քանի՜ մարդ եմ ես քաղցած թողած —
Այդ մի՛ հարցնեք… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։

Երբ տեղն է գալիս, սուրբ եմ ձևանում,
Ժամում ծնկաչոք աղոթք եմ անում.
Բայց հոգիս վաղուց սատանին ծախած,
Աշխարհք եմ խաբում… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։

Թե մեկը պատվիս դիպչի աշկարա,
Ես կրակ կըթափեմ այդ մարդու վերա.
Բայց ծածուկ ինչքա՜ն ես թուք եմ կերած —
Այդ մեր մեջ մընա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։

Է՜հ, բավական է ձեր գլուխը տանեմ,
Ախար, «զո՛րն ասեմ, զո՛րն խոստովանեմ…»
Ի՜նչ մեղքեր ասեք, որ ես չեմ արած…
Մեղա՜ քեզ, աստվա՛ծ, մեղա՜ քեզ, աստվա՛ծ…

1896


ԹՈՒՔԸ

Ասում են — թուքը ո՜ւժ է զորավոր,
Մարդուն կարող է իր պատվից գըցել.
Բայց տեսե՛ք, մեր մեջ… նա՛ է պատվավոր,
Ով միշտ երեսը թըքով է լվացել…