Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/134

Այս էջը հաստատված է
ԾԻԾԱՂՍ Է ԳԱԼԻՍ…

Երբ ես տեսնում եմ աշկարա գողին
Կյանքին տիրացած՝ փարթամ ապրելիս…
Իսկ ինձ ասում են — շիտակ ապրողին
Կյանքը մեկի տեղ՝ հազա՜ր է տալիս —
Ծիծա՜ղս է գալիս…


ԽԵՆԹԸ ԵՎ ԽԵԼՈՔԸ

Քամբախտ մի երկրում մե՜ծ սով էր ընկել…
Երկրի խելոքներ ժողով գումարած՝
Միտք էին անում, թե ի՞նչպես փըրկել
Խեղճ ժողովրդին, սովից չո՜փ դառած…
Ու խոսում էին, խոսո՜ւմ, հա խոսո՜ւմ,
Ասես մարգարտի աղբյուր էր հոսում…
Մեկ էլ՝ որտեղից, այդ մեծ կաճառում
Ելավ խենթի մեկն, այսպես բան ասաց.
«Էհ, կո՛ւշտ խելոքներ, ի՞նչ եք շատ ճառում,
Շտապե՛ք, քաղցածին տվե՛ք կըտոր հաց…»։
Խելոք կաճառը, տեսավ, որ իրան
Խըրատ է կարդում մի խենթ, բաց–բերան.
Քիթը վեր քաշած՝ քա՜հ, քա՜հ ծիծաղով,
Խենթի խոսքերը նա արհամարհեց…
Ընտրեց բազմամարդ մի հանձնաժողով
Եվ սովի հարցը փակված համարեց…
Սա՜ղ տարի խորհեց հանձնաժողովը
Ու ա՜յնքան բազում նիստեր ունեցավ,
Մինչև որ մարդկանց կոտորեց սովը
Ու վերջն էլ՝ անցավ…
Ընթերցո՛ղ, հիմա դու ինքըդ դատի՛ր,
Ու ի՛նքըդ խենթին խելոքից զատիր…


ՄԱՐԴ ՈՒ ԿԻՆ

Կընկատեր, գիտեմ, ու չի՛ ամաչում,
Ինչ տեղ կին. փեշիցն է կըպչում —