Արշի՜ն, հաշի՜վ մարդու գլխում, Ուշ ու միտքը փողի մեջ, Սիրո ծարավ կընկա սըրտում, Երազներին չըկա՜ վերջ… Կյանք են անցնում մի հարկի տակ, Բայց սըրտերով խորթ իրար. Տարբե՜ր ձըգտում, տարբե՜ր ճաշակ, Կինը — կըրա՜կ, մարդը — քա՜ր… Եվ նայելով ես այդ զույգին Միտք եմ անում — թե մի օր «Ջուխտի» կողքին… «Կենտը» բըսնի… Ո՞վ է արդյոք մեղավոր…
Թո՜ւղթ ու կավի՜ճ, սեղա՜ն կանաչ, Անքո՜ւն գիշեր, կռի՜վ ու վե՜ճ — Ահա՛ նոր քայլ դեպի առաջ, Նո՛ր գործի սեր ազգի մեջ… Թուղթ են խաղում հարուստ, անփող, Տերտեր, ուսյալ և անուս, Նույնիսկ հայ կին, հայ ուսանող… Ցնծա՜, հա՛յ ազգ, աչքըդ լո՜ւյս…
Անթի՜վ են մեր մեջ գայլ–բարեպաշտներ. (Մեկին, մանավանդ, լա՜վ եմ ճանաչում…) Մութով նա պաշտում սատանի պատկեր, Լուսով անդադար աստված է կանչում… Արտասուք խըմել կամ արյուն ծըծել Պատրաստ է նա միշտ — ամեն թըշվառից.