Բայց փորձի՛ր մի ճանճ ոտքի տակ գըցել, Նա ահո՜վ, դողո՜վ կանցնի վերայից… Նա ժամ կըմտնի, աստծու գառան պես, Երեսին անվե՜րջ, անվե՜րջ խաչ կա՛նի, Բայց թե կյանքի մեջ նըրա ճանկն ընկնես, Մըսագործի պես, կաշի՜դ կըհանի…
Ասում են, մարդըս պետք է իր անձից Միշտ բարձըր դասի պատիվն անարատ, Եվ ով զըրկված է այդ անգին գանձից, Նա՛ է կյանքի մեջ ամենից աղքատ… Բայց թե որ հարցնեք դուք հայ Կրեսոսին, Կասե. «Պատիվն է՝ արծաթ-աբասին. Եվ կյանքում անփող, դատարկ գըրպանը — Դա՜ է ամենից անպատիվ բանը…»։ 1896
Ո՛վ հայ աղջիկ, անդուր դեմքով, Դարդ մի՛ արա ու մի լար. Մեծ օժիտով, փոքր խելքով Երբե՜ք տանը չես մընար։ Սերունդ ունենք ուսման տված, Կանցնի չորս կամ հինգ տարի, Եվ կըտեսնես շուրջդ խըմբված՝ Դիպլոմավո՜ր մուշտարի…