Մականունն էր «եզան գըլուխ»,
Կերած ճաշը — սոխ ու լոշ։
Տունը — տուն չէր, այլ հավի բուն,
Քընում աղտոտ պուճախում.
Արհեստ չուներ — նա օրն ի բուն
Ձու էր առնում, ձու ծախում։
Այսօր… Տեսե՛ք, նա մեծ մարդ է
Հա՛մ ապրուստով, հա՛մ շորով.
Ում տուն մըտնի — նա տան զարդ է
Իր լի՜ ջեբով, լի՜ փորով։
Ասիական կյանքն է ատում,
Եվրոպայով շըլացած,
Առանց լաքեյ հաց չի ուտում,
Սոխն ու լոշը մոռացած։
Սեյր անելիս փողոցներում
Քիթն է ցըցում միշտ վերև.
Ինքն առաջին չի բարևում,
Բարևներն են բազմաձև՛…
Պինդ հազում է, բարձըր խոսում,
Հաշվով շարժում ձեռ ու ոտ.
Ուրիշին է խելք քարոզում,
Ինքը խելքի միշտ կարոտ։
«Երկրի աղն» է իրան կարծում,
Հարգանք, պատիվ սպասում.
Ազգի կյանքում, ամեն գործում
Դեր խաղալ է միշտ ուզում։
Հոգի՜ն կըտա, որ քիթ խոթի
Հասարակաց գործի մեջ.
Հենց որ խոթեց, տե՜րն ազատի
Անսանձ «ես»-ին չըկա վերջ…