Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/148

Այս էջը հաստատված է

Որքա՜ն է ծածուկ իմ ջեբը գընում…
Եվ, հարկավ, իմ պետն ինձնից գոհունակ՝
«Պի՜նդ տեղդ նըստիր» — կըտար ինձ կոնդակ…

Կուզեի լինել հայ երեցփոխան,
Հաշիվ չըտվող տասնյակ տարիներ.
Հենց ժամի կողքին ես էլ սեփական
Շենք կըշինեի, դառած տընի տեր…
Եվ թե մի հայ թերթ անվաներ ինձ գող,
Մի ուրիշ հայ թերթ կըկարդար ներբող…
[1901]


ԽՈՍՔԵՐ

Օ՜, հավատացե՛ք, անծայր երկնքում
Չեն փայլում ա՜յնքան բազմաթիվ աստղեր,
Որքան լըսում եմ ես հայի կյանքում
Խոսքե՜ր և խոսքե՜ր…

_______

Ահա՛ ժողով է։ Հայերն հավաքվել
Ազգային մի մեծ աղետի համար,
Խորհուրդ են անում, թե ի՛նչպես փըրկել
Հայ սովյալներին անտերունչ, թըշվառ.
Եվ սկսվում է աղետի առթիվ
Ճառե՜ր, կարեկցա՜նք, խոսո՜ւմ են, խոսո՜ւմ,
Խոսքերն են սիրո՜ւն, խոսքերն են անթի՜վ…
Իսկ խեղճ սովյալներն հա՜ց են աղերսում…

Գործիչ ենք թաղում։ Դամբանի առաջ
Խռնված է երկսեռ բազմաթիվ ամբոխ.
Լըսում ես չորս կողմդ կարեկցանք, հառաչ.
«Ա՜հ. ի՛նչ վաղ մեռավ, ափսո՜ս, հայ գործող»…
Եվ սկսվում են հայ գործչի մասին