Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/151

Այս էջը հաստատված է

Կյանքը թատրոն է… Ամեն մարդ պիտի
Նախշած երեսով բեմ դուրս գա, որդի՛.
Սաղ կյանքըդ խաղա՛, եղի՛ր դերասան —
Մի օր Ժան-Պիեռ, մի օր թուրք Հասան…
Նեղի՛ր անզորին, պատվի՛ր ուժեղին,
Միշտ դերեր փոխիր ժամի՜ն ու տեղի՜ն…
Թե կին էլ ուզես՝ ծուռ քիթ ու բերան,
Ամո՜թ չի, միայն մե՜ծ օժիտ վերան…
Օր-օր-օ՛ր, բալա՛ս, օ՛ր-օ՛ր-օ՛ր, ջանի՛կ,
Կուզեմ քեզ կյանքում տեսնել երջանի՛կ…


ԵՐԿՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ

— Տեր-հա՛յր, մեղքերիս թողությո՛ւն արա.
«Պատմի՛ր, զավակըս. ի՞նչ մեղք ես գործել»։
— Ոստիկան էի՝ բանտապետ դառա,
Իմ ճանկից մարդիկ մահո՜վ են պըրծել…
Վա՜յ ինձ, բազո՜ւմ են իմ մեղք ու արատ —
Սիրե՜լ եմ կաշառք, սիրե՜լ գողություն…
«Է՛հ, ոչի՜նչ, որդիս, տե՜րն է գթառատ,
Մեղքիդ թողությո՜ւն…»։

— Տեր–հա՛յր, մեղքերիս թողությո՜ւն արա,
«Պատմի՛ր, զավակըս, ի՜նչ մեղք ես գործել»։
— Սխալմամբ պաս-օր բերանըս առա
Մի կտոր երշիկ… Պասն էի մոռցել…
Տեր-հա՛յր, մասն արա ինձ սուրբ հաղորդի,
Ուրիշ մեղք չունեմ, երկի՜նքըն է վկա.
«Օ՜, մե՛ծ է մեղքըդ… քեզ համար, որդի՛,
Թողություն չըկա…»։


ՄԵԾ ՎԻՇՏ

Ասա՛, հայ աղջիկ, ի՞նչի ես տըրտում.
Ի՞նչ ցավ ու դարդ կա քո մատաղ սըրտում.