Օդում հանգիստ սավառնում է՝ թևերն հըզոր տարածած.
Եվ տեսնում եմ ես այստեղից հեղեղատներ փըրփրալից
Ինչպե՜ս ծընվում, ինչպե՜ս ձյունի հյուսեր փըլչում սարերից։
Այստեղ ահա շա՜ր-շա՜ր ամպեր մեղմ սահում են իմ դիմաց.
Գոռ ջըրվեժներ նոցա ճեղքում ու սըլանում դեպի ցած
Եվ աղմուկով դիպչում այնտեղ լերկ ժայռերի կույտերին.
Իսկ քիչ ներքև — չոր մացառ է, մամուռ կըպած քարերին.
Քիչ էլ այն կողմ ես տեսնում եմ կանաչ, թավուտ անտառներ,
Ուր վըխտում են եղջերուներ և ծըլվըլում թըռչուններ։
Այնտեղ արդեն և՛ մարդիկը բուն են դըրած սարերում,
Եվ խաշները մեղմ մայում են դալարախիտ վայրերում,
Եվ խաշնարածն իջնում է ցած — դեպի ուրախ հովիտներ,
Դեպի խաղուն Արագվայի կանաչագեղ, զով ափեր.
Եվ չըքավոր ասպատակն է դարան մտնում կիրճի մեջ,
Եվ Թերեքի կատաղալից, զըվարճ խաղին չըկա վերջ։
Խաղում է նա ու մըռնչում, որպես վայրագ մի կորյուն,
Որ վանդակից որս է տեսել, աչքը կոխել սև արյուն.
Ե՛վ խըփվում է նա ափերին, և՛ ապարդյուն կռիվ տալիս,
Ե՛վ յուր քաղցած ալիքներով ժայռեր փլում ու լալիս…
Սակայն ի զո՜ւր։ Նորա համար չըկա ուրախ ո՛չ մի օր.
Նորան ճընշում ու խեղդում են լուռ քարափներն ահավոր։