Աշնան մի խոնավ, մըռայլ երեկո
Անցնում էր կույսը խուլ–մութ տեղերով
Եվ գաղտնի պըտուղն յուր դըժբախտ սիրո
Նա բռնած ուներ դողդոջ ձեռներով։
Լուռ էր և՛ անտառ, անդորր և՛ լեռներ,
Ամեն ինչ նիրհած գիշերվա մըթնում,
Դես-դեն ձգելով զգույշ հայացքներ.
Կույսը երկյուղով չորս կողմն է դիտում։
Եվ նորա աչերն լի հառաչանքով
Կանգ առան անմեղ էակի վերա…
«Զավա՜կ իմ, աշխարհ եկած տանջանքով.
Անգիտակ վըշտին, քնած ես հիմա…
Կը բանաս աչերդ և լի անձկանոք
Սեղմվիլ կուզենաս մայրական կըրծքին,
Բայց դու համբույրիս ջերմ, սիրաբորբոք
Չե՜ս արժանանալ, զավա՛կ իմ անգին։
Ինձ զո՜ւր կկանչես, անունըս կըտաս.
Անջի՜նջ է մեղքիս արատն իմ վերան.
Գիտեմ, դու շուտով ինձ կը մոռանաս.
Բայց չեմ մոռանալ ես քեզ հավիտյան։
Օթևան կը տան քեզ օտար մարդիկ
Եվ միշտ խորթ աչքով կը նայեն վերադ.
Դու կասես — ո՞ւր են ծընող, ընտանիք,
Բայց մարդ չես գըտնիլ, սըրտիդ հարազատ։
Քո հասակակից մանուկների մեջ
Միշտ կը տառապես մըռայլ մտքերով.