Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/164

Այս էջը հաստատված է

Մայրական գըգվանք մինչև կյանքիդ վերջ
Դու կըփափագես դառնացած հոգով։
Ամեն տեղ մենակ, ամենքին օտար,
Միշտ անիծելով և՛ բախտ, և՛ վիճակ,
Բիրտ նախատինքից չես գտնիլ դադար…
Ո՜հ, ների՛ր, ների՛ր ինձ այն ժամանակ։

Քընած ես հիմա… Թո՛ղ, զավա՛կ թըշվառ,
Քեզ վերջին անգամ սեղմեմ իմ գըրկում.
Օրենքն անողոք, օրենքն անարդար
Խուլ տանջանքի է մեզ դատապարտում։
Եվ քանի տարիք դեռ չեն հալածել
Անմեղ հըրճվանքը քո անմեղ կյանքի
Քը՛նիր, սիրելի՛ս, չե՜ն հուզիլ վըշտե՛ր
Անհույզ օրերըդ մանուկ հասակի»։

Բայց հանկարծ լուսինն անտառի հետքից
Շողաց — և կույսը լուսնյակի փայլով
Տեսավ մո՛տ խրճիթ… Գունատ, թախծալից՝
Մոտեցավ դըռան դողդոջուն քայլով
Եվ խոնարհվելով՝ կամացուկ դըրեց
Սիրելի մանկանն օտարի շեմում.
Եվ զարհուրանքով երես շուռ տվեց
Ու գիշերային ծածկվեց խավարում։


ԹԱԼԻՍՄԱՆ

Այնտեղ, ուր միշտ ծովն է խաղում
Ժայռերի հետ անսասան,
Ուր լուսինն է ջերմ շողշողում
Մեգ-մշուշում իրիկվան,
Ուր հարեմում լի հեշտանքով
Օրն է անցնում մյուսուլման,
Այնտեղ տվավ ինձ գըգվանքով
Կախարդուհին թալիսման։