Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/170

Այս էջը հաստատված է

Ուր էլ նայում եմ, հանդես են գալիս
Շարժո՜ւն պատկերներ։ Տեսնում եմ ահա
Երկու կապտափայլ, հարթ լըճի վերա
Մի բան է հանկարծ սպիտակին տալիս.
Այդ դո՛ւ ես, ձըկնորս, քո առագաստով.
Լըճերից այն կողմ տեսնում եմ շարքով
Կանաչ բըլուրնե՜ր,
Ծավալուն արտե՜ր,
Դես ու դեն փըռված խըրճիթնե՜ր հեռվում,
Թափառող հոտե՜ր խոնավ ափերում,
Մարագնե՜ր ծըխոտ, ջաղա՜ց թևավոր…
Ամե՛ն ինչ այստեղ՝ հեռո՜ւն, չորս բոլո՜ր,
Տեսնում եմ, ինչպես կըրում է վերան
Հետքեր վաստակի և առատության։
Եվ այստեղ, հեռու նանիր կապանքից,
Ես ուսանում եմ — գըտնել, ճաշակել
Ճշմարտության մեջ կյանք երջանկալից.
Ես ուսանում եմ — պաշտել օրենքի
Անաչառությունն անկապանք հոգով,
Ականջ չըդնել անկիրթ ամբոխի
Բողոք-տրտունջին։ Եվ կարեկցանքով
Լըսել ամոթխած, երկչոտ աղերսանք,
Աղերսին տալով միշտ ջերմ արձագանք։
Ես ուսանում եմ — այստեղ աննախանձ
Նայել հիմարի կամ չարագործի
Բախտին ու փառքին — բազմած սիգապանծ
Մեծության գահին անարդարացի՜…
Բա՛րձր է խընդաբեր ձեր ձայնը հընչում,
Ես ձե՛զ եմ այստեղ հիշում ու կոչում.
Այս վեհ մենության վայրումն առավել
Բարձր է խընդաբեր ձեր ձայնը հընչում.
Նա հալածում է նիրհը ծուլության,
Գործի հուր ու խանդ իմ մեջ բորբոքում,
Եվ ձեր խոկումներն ստեղծագործական
Ծըլում, հասնում են իմ սըրտի խորքում։
Բայց մի սև միտք է այստեղ իմ հոգին —
Արտում թե դաշտում այս դալարաշատ —