Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/174

Այս էջը հաստատված է

Մ. ՅՈՒ. ԼԵՐՄՈՆՏՈՎ

ՀՐԵՇՏԱԿ

Կես գիշերային անհուն երկնքում
Հրեշտակ էր թռչում և մեղմիկ երգում.
Եվ լուսին, աստղեր, ամպեր խըմբովին
Սըրբազան այդ երգն լուռ լըսում էին։

Երգում էր նա բախտ և երջանկություն
Եդեմում ապրող սուրբ ոգիների.
Երգում էր գովեստ նա տեր-աստըծուն,
Եվ այդ գովեստն էր անկե՜ղծ, սըրտալի՜։

Մատաղ էակ էր նա գըրկին տանում
Երկրային վըշտի, արցունքի համար.
Եվ երգն հրեշտակի այդ մատաղ սըրտում
Մընաց կենդանի՜, թեպետ անբարբառ։

Եվ երկրիս վերա, լեցուն փափագով,
Երկա՜ր տառապեց այն մատաղ հոգին.
Բայց նորան երկիրն յուր տըխուր երգով
Չը փոխարինեց երգը երկնային։


ՊՈԿՎԵՑ ԿԱՂՆՈՒ…

Պոկվեց կաղնու խըղճուկ տերևն յուր ոստիցը հարազատ,
Եվ հալածված գոռ փոթորկից՝ գընաց ընկավ անապատ.
Թոշնեց այնտեղ ցուրտ ու տոթից, թափառելով շա՜տ երկար,
Եվ, վերջապես, Սև ծովի ափ հասավ մի կերպ ուժասպառ.