Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/191

Այս էջը հաստատված է

Եվ խաղում են ալիքները հողմահար,
Կայմն է թեքվում ու ճըռնչում անդադար…
Բայց նա, ավա՜ղ, ո՛չ բախտի է ման գալիս,
Ո՛չ էլ բախտից երես դարձնում, խույս տալիս։

Նորա վերև—ոսկեճաճա՜նչ արեգակ,
Նորա ներքև—ջըրեր լազո՜ւր ու հըստա՜կ.
Բայց նա խըռով, փոթորիկ է փափագում,
Կարծես հանգիստ պահվա՜ծ լինի փոթորկում։


ԹԱՄԱՐ

Դարյալի խորունկ, միգապատ կիրճում,
Ուր Թերեք գետն է հուզվում, մըռնչում,
Կանգնած մի մըռայլ դըղյակ հընօրյա,
Սևին էր տալիս՝ սև ժայռի վերա։

Դըղյակն այն դատարկ. բարձրաշեն ու նեղ, —
Թամար թագուհին ապրում էր այնտեղ,
Գեղեցի՜կ, որպես հրեշտակ երկնային,
Նենգամիտ ու չա՜ր, որպես չար ոգին։

Եվ կես գիշերվա մըշուշի միջից
Ոսկեշող լույս էր ցոլում դըղյակից.
Անցորդի ուշքն էր նա հըրապուրում,
Ե՛վ նինջ, և՛ հանգիստ նորան խոստանում։

Եվ մեղմ լըսվում էր մի ձայն տենչալի,
Ախտահույզ ձայնը չըքնաղ Թամարի.
Եվ կա՛ր այդ ձայնում մի թովչանք քընքուշ.
Կար և անմեկին, հաղթական մի ուժ։

Անտես փերիի ձայնից հըմայված՝
Հովիվ, սովդաքար, մարտիկ զինազգյաց
Դիմում էր դըղյակ— և ժանտ ներքինին
Բացում էր դըռներն եկող հյուրերին։