Շողում է, որպես ծաղիկն եդեմի…
Իրիկվան ժամին ես դիտում էի,
Դիտում լո՜ւռ, երկա՜ր.
Այն պատառ-պատառ
Ծածկոցն ամպերիդ՝ լեցո՜ւն անձրևով,
Որոնցից շատերն բաց-կապույտ փայլով,
Եվ նուրբ եզերքներն շիկնած, հըրակեզ՝
Սպառնում են նորի՛ց — և մեկ էլ տեսնես,
Մի ակնթարթում ժայռերի վերա
Պատկերանում է հըրաշք հընօրյա—
Մի կախարդական ամրոց ահագին,
Բայց շուտով ա՛յն էլ կը ցրվե քամին։
Այդպես և գողտրիկ երազն է բանտում
Կուռ շըղթաների շառաչն ընդհատում
Երբ բանտարկյալն է ցընորում դալար
Հայրենի երկրի դաշտերն ու անտառ…
Մինչդեռ ա՜յլ ամպեր՝ առավել ճերմակ,
Քան ձյունոտ լեռներ, թըռչում են արագ
Դեպի արևմուտք— և օրն անցուցած՝
Շարվում իրար մոտ, կողք–կողքի կըպած.
Եվ նայում ա՜յնպես պայծառ հայացքով,
Ա՜յնպես ճոխ, զվարճ և անփույթ կերպով,
Որ, կարծես, նոքա այդպես հավիտյան
Պետք է և՛ ապրի՜ն, և՛ հավետ դո՜ւր գան…
III
Եվ այդ լեռներում, այդ խոր կիրճերում
Վայրենաբարո ցեղեր են ապրում.
Նոցա աստվածն է լոկ ազատություն,
Նոցա օրենքը— պատերազմ, արյուն.
Եվ մեծանում են, խորհում օր-գիշեր
Նոքա արտակարգ և անգութ գործեր՝
Մատաղ հասակից նվիրած իրանց
Թաքուն ու վայրագ ասպատակությանց։
Այնտեղ փոքրերին դեռ օրորոցում
Ռուս անունով են մայրերը վախցնում,