1
ՄԱՐԴ
Որքա՜ն թովիչ է աստծո աշխարհում
Ամեն արարած— ո՜րքան գեղանի.
Բայց մարդ-էակից չըկա՜ գեղանին,
Ո՛չ մի բան նրա թովչանքը չունի։
Մերթ նա բուռն ու խոր ատում է իրան,
Մերթ նա իր անձին ընծայում գըգվանք.
Մերթ նա սիրում է, մերթ հիասթափվում,
Վայրկյան ապրելու- դողդողում ո՛ղջ կյանք…
Երբ սանձ չի դնում նա իր կըրքերին,
Նա հագեցնում է երկիրն արյունով.
Երբ նա չի զըսպում իր կամքը մոլի,
Նըրա տակ եռում, փոթորկվում է ծով։
Բայց կանցնեն մի օր այդ մութ հակումներ,
Լուսով կըշողան խել ու միտ մարդկան.
Եվ երկրիս վըրա իր գեղեցկությամբ
Կը նըսեմացնե մարդըս ամեն բան։
2
ԿՅԱՆՔ
Հե՜շտ է մեզ խելոք աշխարհն ընդգըրկել,
Ուր միտքն է ազատ թըռչում, սավառնում.
Ինչին մեր միտքը չէ կարող հասնել,
Մենք ա՛յն էլ, կարծես, լա՜վ ենք ըմբռնում։
Դատում ենք խըստիվ, ամեն ինչ հաշվում.
Չը բացած սակայն ծածկոցն դարերի.