Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/206

Այս էջը հաստատված է
ՍԻՐՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ…

Սիրո՜ւն հայրենիք, դեռ այսպես ուրախ, ջերմ զգացմունքով
Երբեք չեմ անցած ես քո դաշտերով։

Տեսնում եմ մանկան մայրական գըրկում անհոգ խաղալիս
Եվ վըսեմ մըտքեր հուզում են հոգիս։

Բարի՜ ժամին ես դու աշխարհ եկել, նազելի՛ մանուկ,
Դու էլ չես տեսնի ճորտի արտասուք։

Դու մանկությունից հեռու կապանքից, անվախ ու ազատ
Քեզ զգացմունք կընտրես՝ սըրտից հարազատ։

Կուզես— դու անվախ երկինք կըթռչես, սեգ արծվի նըման,
Կուզես— դու հավետ կըմնաս շինական։


Օ՜, ԵՐԳԵ՛Ր, ԵՐԳԵՐ…

Օ՜, երգեր, երգե՛ր— միա՜կ վըկաներ
Աշխարհի համար թափած արցունքիս.
Ձեզ միշտ ծընում են դառնաղե՜տ ժամեր,
Երբ փոթորիկ է պաշարած հոգիս…

Ծընվո՜ւմ եք, դիպչում մարդկանց սըրտերին,
Որպես ալիքներ կարծըր ժայռերին…


ԵՐԲ ԱՂԵՐՍԱԼԻ…

Երբ աղերսալի խոսքով համոզման
Ես ազատեցի քո կորած հոգին
Մաշիչ խավարից անկման, մոլորման.
Եվ ողջ էությամբ դու խոր տանջանքին
Անձնատուր եղած՝ դառն անիծեցիր
Քեզ պատող արատն ու արտասվեցի՛ր.