Բայց վա՜յ այն երգչին, որ քաջ, անվեհեր
Հանդես է հանում ազնիվ հանճարով
Ամբոխի ախտե՜ր ու մոլություննե՜ր—
Բախտն է դեպի նա անգութ, անգորով։
Կըրծքում սընուցած սերմն ատելության,
Զինված հեգնանքով, ծաղըր—շըրթունքին,
Նա միշտ անցնում է տատասկոտ ճամփան՝
Իր պատուհասող քընարը ձեռքին։
Եվ մատնված անզուսպ, չար պարսավանքի,
Նա դըրվատներին ականջ է դընում
Ո՛չ անուշ խոսքում փառքի ու գովքի,
Այլ գոռ ու վայրագ աղաղակներում։
Վառ ցընորներին իր վսեմ կոչման
Ե՛վ հավատալով, և՛ կասկածելով,
Նա կյանքում սեր է քարոզում մարդկան,
Քարոզում ժըխտիչ, հակաճառ լեզվով։
Եվ նրա խոսքի ամեն մի հընչյուն
Ծընում է անհաշտ թըշնամիք դաժան՝
Թե՛ դատարկամիտ, թե՛ խել, թե՛ գիտուն—
Ամե՜նքն էլ պատրաստ խաչելու նրան։
Անե՜ծք են թափում չորս կողմից վըրան…
Բայց մարդիկ նրա մահը տեսնելով,
Ի՜նչեր նա արեց—ա՜յնժամ կիմանան,
Եվ ի՜նչպես սիրեց—նա միշտ ատելով։