Բերել անհաղթ վի՜շտ, թախի՜ծ,
Որպես սուրբ բեռ— և թեթևցած՝
Անխռով ելել տաճարից։
Մըտի՛ր։ Վըրադ պարզած ձեռքեր,
Իր սուրբ կամքով տեր-փըրկիչ
Շուտ կամոքե սըրտիդ վերքեր
Եվ քո ցավոտ, հիվանդ խիղճ…
Ակա՜նջ դըրի… Ըզգացվեցի՜,
Մանկան նըման… Եվ երկա՜ր,
Ես լիարցունք աղոթեցի,
Մըտած անշուք սուրբ տաճար։
Լալիս էի և աղերսում
Ես արարչին երկնքում,
Որ պարգևե մեղքիս ներում,
Պաշտպան կանգնե ինձ կյանքում,
Որ պահպանե ինձ իր խաչով
Աստվածն համա՜յն խեղճերի՝
Երկիր լեցնող լաց՜, հառաչով,
Աստվածն իմ սուրբ աշխարհի,
Ուր սերունդներ այս սուրբ վայրում
Պետք է խոնար՜հ, ջերմագի՜ն
Երկրպագեն ապագայում
Այս աղքատի՜կ սեղանին…