Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/230

Այս էջը հաստատված է

Քան փոխե զվարճ քընի հետ անհագ
Ե՛վ ազնիվ կըռիվ, և՛ ազնիվ վաստակ.
Ե՛վ ողջ էությամբ թաղվի աննշմար
Ժահահոտ տըղմում, ցեխի մեջ իսպա՜ռ…


ՊՈԵՏԻՆ

Թո՛ղ անխոնջ ուղին լինի գըրավի՜չ.
Դու քո վեհ կոչման, վեհ նպատակին.
Կա՛ց հավատարիմ, կա՜ց անշեղ, երգի՛չ,
Թե՛ քո երգերում, թե՛ գործի ժամին։

Եվ առա՛ջ գընա—սուրբ ճշմարտության
Զորավոր կոչին հըլու, հըպատակ.
Անցի՛ր խոցոտիչ տատասկի ճամփան,
Առանց հուսալու դըրախտ ու պըսակ։

Եղի՛ր մարտնչող անվեհեր հոգով,
Պաշտպան մարդկային իրավունքների.
Մի՛ թող, որ դարուս սև արատներով,
Վարակվի՜ հոգիդ և անարգ քընի՜։

Որպես շանթ երկնից, որպես հուր ու սուր,
Թո՛ղ հըզոր լինի քո ուժն երգերում.
Թե մարե քո ձայնն ազնի՜վ ու մաքո՜ւր,
Երգըդ չի՛ մարիլ մարդկանց սըրտերում…


ՀԱՅՐԵՆԻՔ

Անշո՜ւք բնություն հայրենի երկրի,
Դու սիրելի ես հեգ սըրտիս համար.
Բայց կա՛ր ժամանակ—ես դեռ պատանի—
Ինձ գըրավում էր օտա՜ր մի աշխարհ։

Եվ վառ անուրջներ աչքիս շարունակ
Նըկարում էին փայլո՜ւն պատկերներ—