Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/238

Այս էջը հաստատված է

Մեր տաճարն ու իմ տնակն էր այնտեղ աչքիս երևում,
Սակայն, ավա՜ղ, այնտեղ հրդեհն աղմկում էր որպես ծով
Ես նայեցի թույլ ձեռքերիս և— օ՜հ, տխո՛ւր զգացում—
Հոգիս վառվեց համըր, անուժ վրեժխնդրության ծարավով։

Այդ բյուրից ես առաջ էլ նայում էի նույն ժամին
Դեպի քաղաք, ուր արևը մայր էր մտնում ժըպտալով,
Որ վարդաշող քողի նման մեգն իջնում էր սարերին,
Ուր Սիոնը փայլփլում էր վերջալույսի շողերով։

Այստեղ էի և՛ այս վերջին, տխուր ժամին ես կանգնած.
Բայց էլ սիրտս չէր գրավում մուտք խոնարհվող արեգակ.
Ես անհամբեր մընում էի, որ Եհովան զայրացած՝
Թափեր երկիր ահեղ որոտ, շանթ, փոթորիկ ու կայծակ…

Բայց ո՛չ… Քո սուրբ տաճարի մեջ, ուր դու էիր թագավոր,
Հեթանոսներն անկարող են այնտեղ դառնալ տեր, իշխան,
Փո՛ւյթ չէ, թե քո տաճարն ընկավ, մի ա՛յլ տաճար փառավոր
Սիրած ազգըդ յուր սրտի մեջ քեզ կանգնել է հավիտյան…


Օ՜, ԵԹԵ ԱՅՆՏԵՂ…

Օ՜, եթե այնտեղ, ամպերից վերև,
Պահում է հոգին յուր սերն հարատև.
Եթե մահից հետ, իրավ, պիտի մենք
Սիրած սրտերին նորից հանդիպենք.
Ա՜խ, հապա որչա՜փ քաղցր է վերանալ
Այն անհայտ աշխարհ, հանգչի՜լ, մահանա՜լ,
Թողնել երկրային վիշտ, թախիծ անվերջ
Եվ սուզվել հավերժ պայծառ լուսո մեջ։
Մեզ համար չէ այն. երբ մահվան ժամին
Դողում ենք կանգնած անդունդի ծայրին.
Եվ ամուր կպչում կյանքի շղթայից.
Չենք թողում վերջին օղակը ձեռից։