Խոցիր դու նրան—ես չեմ արտասվիլ,
Մնա՜ք բարև, սարե՛ր, էլ ինձ չե՛ք տեսնիլ.
Ընկնե՛լ սիրելի հոր ձեռքով սպանված.
Ինձ չէ՛ սարսեցնում այդ ահեղ հարված։
Զավակին գգվող մոր սիրո նըման,
Մաքուր է արյունն և՛ քո աղջկան.
Օ՜, հայր իմ, թող ինձ օրհասի ժամին
Հովանի լինի քո շունչն ու հոգին։
Հո՛գ չէ, թո՛ղ հոսե քո արցունքն առատ,
Եղիր դատավոր դու քաջ, անվհատ.
Քեզ վեհ հաղթանակ տվավ քո աղջիկ
Ու փրկեց և՛ քեզ, և՛ յուր հայրենիք։
Երբ ես կը մեռնեմ, և սև գերեզման
Կըփակե խոսուն լեզուս հավիտյան.
Դու հիշի՛ր, հայր իմ, որ շունչս փչելիս,
Ես ժպտում էի, և ո՛չ թե լալիս…[1]