Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/245

Այս էջը հաստատված է
ՊԱՏԿԵՐԻԴ ԱՌՋԵՎ…

Պատկերիդ առջև գլուխս խոնարհած,
Կանգնած եմ ես լուռ, մտահույզ, տրտում.
Եվ ինձ թվում է, թե ահա հանկարծ
Քո անշարժ դեմքը նոր կյանք է առնում։

Եվ ես տեսնում եմ կախարդիչ ժըպիտ
Քնքուշ շրթունքիդ խաղո՜ւմ, թրթռո՜ւմ,
Տեսնում եմ արցունք, ինչպես մարգարիտ,
Փայլում է քո վառ, խորունկ աչերում։

Եվ ես կանգնած եմ, դառնագին լալիս,
Նորից տանջվում և նորից սիրում,
Եվ չեմ հավատում, չքնա՛ղ թագուհիս,
Որ հավետ կորցրի քեզ այս աշխարհում…


ՀՈ՛Գ Չէ…

Հո՛գ չէ, դուրսը թող փոթորիկ մռնչե.
Թո՛ղ ձյունախառն քամին սուլե, հառաչե,
Եվ հառաչքով մերթ կամացուկ, մերթ ուժգին
Գա և զարկե պատուհանիս փեղկերին.
Չե՛մ վախենում ես ցրտաշունչ փոթորկից.
Սրտիս խորքում, հեռու դաժան, չար աչքից.
Ես պահում եմ գարուն դալար, ծաղկալի,
Այդ գարունը—քո պատկերն է, նազելի՛։


ԾԵՐՈՒԿ, ԱԼԵՎՈՐ…

Ծերուկ, ալևոր
Կար մի թագավոր…
(Երգըս վաղուց եմ լսել, սիրելի՛ք).
Ուժասպառ արքան
Կին առավ իրան,
Ծաղկի պես բացված մի ջահել աղջիկ։