Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/246

Այս էջը հաստատված է

Ժիր, կապուտաչիկ
Կար մի մանկլավիկ
Նորա մեջ մատաղ արյունն է եռում.
Նա՜ էր փափկասուն,
Ջահիլ թագուհուն
Սիրով, եռանդով միշտ սպասավորում։

Վերջ տա՞մ արդյոք հին,
Վաղուցվա երգին.
Օ՜, նա հնչում է այնպե՜ս վշտալից…
Նոքա բոցավառ
Սիրեցին իրար,
Եվ սպանված ընկա՛ն արքայի ձեռից։


ԱՆԿՈՒՄՆ

Մի՞թե արդարև անկավ բնություն,
Վարակվեց և՛ նա մեր արատներով…
Ահա մարդկանց պես, կենդանի բույսեր
Կեղծում են— և այն ակնահայտ կերպով։

Ո՛չ, էլ չեմ ուզում բընավ հավատալ
Համեստ շուշանի սուրբ անմեղության.
Վերջին ժամանակ թիթեռը գաղտուկ
Անչափ հաճախ էր այցելում նորան։

Կասկածելի՜ է և՛ մանուշակը
Յուր չքնաղ տեսքով, յուր անուշ հոտով.
Օ՜, անշուշտ և՛ այդ փոքրիկ ծաղիկը
Մեզ պես տանջվում է փառքի ծարավով։

Չկա այլևս անկեղծ զգացմունք
Վառված սոխակի գողտրիկ երգերում
Միայն կեղծ լացի ես ձայն եմ լսում
Նորա այն ճարտար դայլայլիկներում։