Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/250

Այս էջը հաստատված է

Ո՛հ, այդպես և ես—մանուկ խղճալի,
Անվերջ երգում եմ խավարի միջում.
Գուցե և երգըս չէ զվարճալի,
Բայց նա իմ սրտի թախիծն է ցրվում։

1888 թ., 22 նոյեմբերի



Դու մանո՛ւկ չքնաղ, եդե՛մ ծաղկալից,
Որքա՜ն քնքուշ ես, որքա՜ն սիրասուն.
Նայում եմ վերադ— և հոգիս նորից
Զգում է նոր կյանք, նոր երջանկություն։

Ա՜խ, ինչպես սիրով այդ փոքրիկ գլխիդ
Ձեռքերըս դարսած՝ ես ջերմ, սրտեռանդ
Աղոթք կանեի, որ տերը քեզ միշտ
Պահպաներ այդպես մաքո՜ւր, անարա՜տ։

1888. 8 հոկտեմբերի



Ահա՛ նա— անկոչ կաթիլն արցունքիս.
Դարձյալ հայտնվեցավ նա աչքիս միջում…
Ո՛հ, միայն նա է ճնշում խեղճ հոգիս.
Եվ պարզ հայացքս նորից պղտորում։

Նա անտես մընաց յուր ընկերներին—
Նոքա չքացան անդա՜րձ, հավիտյա՜ն…
Չքացան որպես վշտեր դառնագին—
Նոցա չորացրեց քամին գիշերվան։

Եվ այն աստղերը այնքան վա՜ռ, չքնաղ.
Որ այնպե՜ս սիրով, այնպե՜ս քաղցրավետ
Ինձ բաշխում էին և՛ վիշտ, և՛ ծիծաղ.
Ավա՜ղ, նոքա էլ չքացան անհետ։