Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/254

Այս էջը հաստատված է
ՄԱՆՈՒԿ


(Ազատ թարգմանություն)

Այստեղից անցան անգութ տաճիկներ…
Ահա՛ ամեն ինչ քարուքա՜նդ, ավե՜ր.
Քիոսը—գինու այդ երկիրն առատ.
Ուր կյանքն էր առաջ զվարթ ու ազատ.
Քիոսը, որի այգիքն ու դաշտեր
Ոռոգում էին կապուտակ ջըրեր,
Եվ ծովի ափին կույսեր փափկասուն
Պար բռնած՝ նայում ծովի հայելուն.—

Այդ երկիրն այժմ տխո՜ւր ավերակ,
Միայն նստած է այնտեղ մեն-մենակ
Մի հույն երեխա չոր քարափներում,
Որբ, անտիրական, խղճուկ ու տրտում.
Եվ դաժան քամուց, անձրևից նորան
Տալիս է այնտեղ անշուք ապաստան
Մի չոր մասրենի—նորա պես մենակ,
Մոռացվա՜ծ ահեղ ջարդի ժամանակ։

Ո՛հ, դժբախտ մանուկ, որ ոտաբոբիկ
Այդ լերկ ժայռերում նստած ես լըռիկ,—
Ասա՜, ի՞նչ տամ քեզ, որ քո աչերից՝
Շողշողուն, որպես կապուտակն երկնից,
Ցամաքե արցունք և վարդ-շրթունքիդ
Խաղա մանկական երջանիկ ժըպիտ,
Որ դու մոռացած աղետ, փոթորիկ.
Ձեռք առնես նորից սիրած խաղալիք։

Ասա՛ ինձ, ասա՛, ի՞նչ տամ քեզ, մանուկ,
Որ ցրվին սրտիդ այդ թախիծն ու սուգ.
Որ ճոխ մազերիդ ալեծուփ հյուսեր
Դարձյալ զարդարեն քո ճերմակ ուսեր.
Եվ ոչ թե անշուք կախ ընկած այդպես
Մութ ստվերով պատեն քո ճերմակ երես
Նըման ուռենու լալկան ոստերին.
Անզոր ու տխուր խոնարհված գետին։