Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/255

Այս էջը հաստատված է

Ինչո՞վ փարատեմ քո լացն ու մորմոք…
Խոսի՛ր, սիրելի՜ս։ Պարգև տամ արդյոք
Քեզ սիրուն ծաղիկ—շուշանն Իրանի,
Թե՞ անուշ պտուղն այն Թյուբա ծառի,
Որ միշտ եդեմի դրախտում աճելով
Եվ հեռո՜ւ, հեռու ստվերներ սփռելով,
Նժույգն հրեղեն նորա ստվերի տակ
Հարյուր տարի է սըլանում արագ…

Գուցե դու ժպտա՞ս, թե պարգև տամ քեզ
Փոքրիկ բլբուլին, որի երգն այնպե՜ս
Հնչում է քնքուշ, շոյում լսելիք…
Օ՜, ասա՛—ծաղի՞կ, պտո՞ւղ, թե թռչնի՞կ
Ուզում է սիրտդ, մանուկ նազելի՛…
«Բարեկա՜մ»—ասաց նա դառն, թախծալի,
Արևելք հառած աչերն կապուտակ,—
«Ինձ պե՜տք է վառոդ, ինձ պե՜տք է գնդակ…»


ՈՂՈՐՄԱԾ ԵՂԵՔ

Երբ ձեր հոյակապ, շքեղ տներում
Անթիվ զարդարանք ձեզ շրջապատած—
Գոհար, ադամանդ, դիպակ, ապրեշում,
Դուք ծիծաղում եք՝ կյանքից լիացած.
Եվ այդքան գանձերն առա՜տ ու անբա՜վ
Չեն էլ շլացնում ձեր աչքը բնավ.

Երբ դուք բախտավոր, «կենաց բաժակներ»
Ուրախ պարում եք փարթամ խնջույքում,
Ասացե՛ք դուք ինձ, ո՜վ մեծատուններ,
Այդ զվարթ ժամին դուրսը, փողոցում
Դուք նկատո՞ւմ եք անճար աղքատին.
Լալով նայելիս ձեր լուսամուտին։

Խղճուկը քաշված փողոցի անկյուն.
Քաղցած նայում է նա ձեր խնջույքին