Եվ խուլ մրմնջում. «Ահա՛ լիություն,
Առա՛տ բարիքներ, ահա՛ խնդագին
Եվ պայծառ օրեր, և՛ վիճակ խաղաղ,
Ահա՛ ամեն ինչ—կյանք, վայելք, ծիծաղ…
«Իսկ ե՜ս… ես թշվառ, ես մերկ, անոթի,
Իմ օթևանը խարխուլ ու մըթին,
Վա՜յ ինձ… ես մի այլ դառն վիճակի
Դատապարտված եմ երկրիս երեսին.
Կինս թոքախտում, տանս հոգս ու ցավ,
Խեղճ զավակներս քաղցած ու ծարավ…
«Եվ շատ քչերին տված է կյանքում
Վայելել օրեր լի՛ երջանկության.
Անարդար բախտը կյանքի խնջույքում
«Ապրիր»—ասում է հարուստ մեծատան,
Իսկ ինձ—«դու հեռո՜ւ, դու բախտին օտա՜ր,
Անվերջ երազիր բախտալից աշխարհ…»։
Օ՜, նա, միայն նա՛ կարող է ըզգալ
Թե ի՞նչ ասել են այս դաժան խոսքեր,
Ով ինքն է եղել թշվառ, տառապյալ…
Բայց դուք, դուք բախտի հարո՜ւստ ընտրյալնե՜ր,
Ձեզ ի՞նչ փույթ… Ձեր կյանքն առատ է, լեցուն.
Ողորմա՜ծ եղեք, աստծո սիրուն։
Ողորմությունն մա՜յր է որբերին,
Մայր նոցա, որոնք իրանց սև բախտին
Խորթ մայր են կոչում։ Եվ այնտեղ, ուր միշտ
Տիրում է տանջանք, ցավ, կարիք ու վիշտ,
Այնտեղ է նա միշտ թռչում, սլանում
Եվ մարդկանց աչքից արտասուք սրբում։
Աղերսում եմ ձեզ հանուն որբերի,
Հալածված բախտի անողոք վճռով,
Թո՜ղ մարդս բարի՜, ողորմա՜ծ լինի,
Թո՛ղ նա գթառատ, սիրաբուխ սրտով