Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/258

Այս էջը հաստատված է

ՀԵՆՐԻ ԼՈՆԳՖԵԼԼՈ



ԿՅԱՆՔԻ ՍԱՂՄՈՍԸ

Օ՜, մի՛ ասիր, հույսըդ կըտրած,
«Կյանքն է երազ». թո՜ղ լըռեն
Այդ տրտունջներ, միայն թըմրած,
Երկչոտ հոգիք կյանք չունեն։

Ո՛չ. մեր կյանքը երազ չէ լոկ,
Թեպետ ունի նա վախճան.
Մեր բաժինը—խինդ չէ անհոգ,
Ո՛չ էլ վիշտ կամ գերեզման։

Եվ ո՛չ հոգվո համար աստված—
Երկինք, երկիր արարող,
Խոր անցյալում մարդուն ասաց.
«Հո՛ղ էիր և դառնա՛ս հող»։

Հանի՛ր մտքից մահ ու դագաղ,
Ճակատագիր, անգութ բախտ.
Մի լինիր գառն—անխոս մատաղ.
Հերոս եղի՛ր քաջահաղթ։

Անշարժ, անգործ մի՛ երազիր
Գալիք օրեր ըղձալի.
Եվ ուժերըդ զուր մի՛ թաղիր
Սառ աճյունում անցյալի։