Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/259

Այս էջը հաստատված է

Ուժիդ համար այդ աճյունում
Չկա՛ն երկնից սուրբ կայծեր.
Սիրով գործի՛ր դու ներկայում,
Եվ փայփայի՛ր կյանքի սեր։

Թո՛ղ քո գործից մի հետք մընա,
Գուցե, նորից ուժ առած,
Այդ թարմ հետքով առաջ գընա
Քո եղբայրը մոլորված…

Գուցե, եռուն ծովում կյանքի
Բազուկդ անհաղթ ուժ պահած,
Առաջն առնե շա՜տ փորձանքի,
Մահից փրկե շա՜տ մարդկանց։

Կյանքը գործ է և ո՛չ—երազ,
Գործ սեփական և հանուր.
Գործի՜ր ազատ, չվախենա՛ս,
Գործի՛ր ազնիվ ու մաքուր։

Ազնիվ գործն է—մեր սուրբ դրոշակ.
Պահիր կրծքումդ վառ, անշեջ,
Ոգի, եռանդ, կյանքի կըրակ…
Եվ միշտ հառա՜չ կյանքի մեջ։


ԱՄՐՈՑՆԵՐ ՇԻՆՈՂ

Իմ գանգրահեր մանկիկ սիրուն ու կայտառ.
Սիրում եմ քո հայացքն անմեղ ու պայծառ.
Ճիպոտներից դու կանգնում ես ահագին
Բուրգ ու ամրոց, որ նայում են երկնքին։

Քաջ ձիավոր՝ խրոխտ հեծնող հոր ծընկան.
Որ սիրում ես և՛ դայակի հեքիաթներ,
Թե ի՛նչ գործեր, ի՛նչ արկածներ հաղթական
Հեքիաթներում կատարել են հերոսներ։