Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/262

Այս էջը հաստատված է

Ահա՛ և՛ նա—մոտս նստում,
Ինձ նայում է դալկադեմ.
Խոր հայացքով սեր եմ կարդում,
Զույգ աչերում—վառ եդեմ։

Եվ աղոթք է սըրբամրմունջ
Լսում սիրտս նոր նորից,
Լսում օրհնանք և մեղմ տրտունջ
Նորա քնքուշ շըրթներից…

Կյանքի դժվար խաչի տակը
Վի՜շտ ու սև օր տեսնելիս,
Նոցա քաղցր հիշատակը
Նո՛ր աշխույժ է ինձ տալիս…


ՍԵՐ

Ո՛չ հույսերի, ո՛չ խնդության օրերում
Սիրո իշխող, անհաղթ ուժն է մեզ տիրում.
Կամ սիրտ հուզում նորա խորին հրապույր,
Կամ զգում ենք նորա շունչը կենսաբույր։

Սիրո շողը շողում է մեր սըրտերին
Դառն հոգսերում, կյանքի անլույս գիշերին,
Երբ մեզ թողնում, չքանում են, որպես ստվեր,
Մեր լույս-օրվա րոպեական ընկերներ…

Այո, սերը կայծ չէ, որ շուտ կմարի,
Եվ ո՛չ մի խաղ երկնասլաց ամպերի,
Նա խարույկ է, որ փայլում է խոր մթին,
Նա փարոս է, որ փրկում է լողորդին։

Նա փրկարար բալասան է մեր կյանքում,
Որ չար վշտից խոցված սիրտն է ամոքում.
Սերն օջախ է, որ վառվում է աղքատիկ
Խրճիթի մեջ, երբ դուրսն է ձյուն ու մրրիկ։