Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/38

Այս էջը հաստատված է

Գոչեր մեզ մի օր դեպի ոգելից
Քաջ ճակատամարտ կյանքի և մահվան.
Այնտեղ սուր ձեռքին, բոցերի միջին,
Պատրաստ մեր կյանքը ազգին զոհելու,
Մենք ցույց կըտայինք ամբողջ աշխարհին
Թե ո՞վ է կոչված ստրուկ ապրելու...

Այնտեղ միաշունչ, միաբան հոգով
Մենք կհնչեինք երգն արիության,
Եվ հաղթանակի մեծաշուք փառքով
Մենք կըփշրեինք բըռնության շղթան...
Ա՜խ, երանի չէ՞, ո՛վ ազգ իմ թշվառ,
Հասներ այդ օրը, բացվեր քո առջև
Քաջ կռվի դաշտը, այնտեղ քեզ պայծառ
Կըժպտեր անշուշտ նոր կյանքի արև...

1880, 15 հուլիսի

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳԻՍՏ


Այնտե՜ղ, այնտե՜ղ, այն լայն դաշտում նվիրական աշխարհի,
Ուր հանգչում են սուրբ նշխարներ իմ նահատակ պապերի,
Ուր վեհ փառքով, կար ժամանակ, թնդում էին անվեհեր
Արիության, հաղթանակի հզոր երգ ու նվագներ.
Այնտե՜ղ, ուր, ո՛հ, այժըմ մենակ պատկառելին ծեր Մասիս
Տխուր, մըռայլ նայում է շուրջ, հիշում անցյալն ու լալիս
Ուր սգավոր մայր-Արաքսը լուռ քերելով յուր ափեր,
Արտասուքով ողողում է հայ քաջերի շիրիմներ...
Այնտե՛ղ, այն մե՜ծ դաշտի միջին՝ պապերիս հետ միասին
Կցանկայի և ես զոհված՝ գտնել հանգիստն իմ վերջին...

1890, 20 օգոստոսի


Մի՞թե արդեն, ո՞վ ընկեր իմ, հոգնեցար
Դու տանջանքի ճնշող լուծը կըրելով.
Որ այժըմ թույլ, սրտով հիվանդ, ցավագար
Մահ ես խնդրում կյանքից երես դարձնելով։