Չէ՞ որ, ընկե՛ր, դու անձնուրաց երդվեցիր
Խեղճ եղբորդ վերջին շունչըդ զոհելու,
Եվ կյանքի մեջ արի զինվոր գրվեցիր,
Մինչ գերեզման չարության դեմ կռվելու։
Ո՞ւր Է պայծառ, ջերմ արևը փրկության,
Որ թշվառին ազատ գարուն ավետեր.
Օ՛հ, ընկե՛ր իմ, կոպիտ ձեռքը չարության
Դեռ անողորմ կաշկանդում Է շատ զոհեր...
Արիացի՛ր, ի՛մ մտերիմ, դեռ ապագան ցանկալի
Առա՜տ արյուն, շա՜տ զոհեր Է պահանջում.
Տանջվի՛ր, ուրախ բարեկամը թշվառի
Տանջանքումն Է յուր պըսակը որոնում...
1890, 7 հոկտեմբերի
Ես չեմ վրդովվում, որ իմ չորս բոլոր անթափանցելի
Տիրում Է խավար խոր տգիտության.
Որ հայ եղբայրըս կարոտ բարիքին լուսավոր դարի,
Խավարի լուծը կըրում Է անձայն։
Ես չեմ վրդովվում... ես հավատում եմ, որ կըգա մի օր,
Ոսկեշող մի օր լուսատու գարնան,
Երբ կըթոթափի նա յուր վրայից փոշին դարևոր,
Փոշին խավարի, մաշիչ ստրկության։
Ես հավատում եմ, որ նորա առջև մի օր ընդարձակ
Կըբացվի նույնպես լուսազարդ ուղին.
Ուր նա կըքայլե դեպի ազատ կյանք անվախ, համարձակ.
Մշտավառ լուսո սուրբ ջահը ձեռին։
Ես հավատում եմ, որ մի նոր կյանքի փառահեղ գարուն
Ե՛վ նորան մի օր կըժպտի պայծառ.
Ե՛վ նորա կյանքի անամպ երկնքում ուրախ շողշողուն
Կարմիր ծիածան կըկապի կամար...