Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/44

Այս էջը հաստատված է

Չնչին է կյանքն իմ աչքին.
Ա՛յլ ըղձեր են սիրտըս հուզում,
Ես ձգտում եմ ա՛յլ փառքին։

Փառք ծանրագին ու վշտալից
Թույլ մարդկանցից անարգված,
Փառք տատասկոտ ու փշալից
Ազնիվ գործով վաստակած —
Այդ փառքին եմ, ո՛վ ընկեր իմ,
Ես նախանձում ողջ հոգով։
Եվ կուզեի մտնել շիրիմ
Անմահացած այդ փառքով…



Ա՛յ վարդ, լսի՛ր աղաչանքիս,
Թո՛ւյլ տուր թփից քեզ քաղեմ,
Եվ քեզանով սիրած կուսիս
Մատաղ կուրծքը զարդարեմ։

Մի՛ վախենար, նորա կրծքին
Չես թառամիլ, քնքուշ վարդ.
Այնտեղ մատաղ կրծքի տակին
Կյանքի աղբյուր կա առատ…
[1891]


ՄԱՅՐ

Ծաղիկ մանկության շա՜տ հիշատակներ.
Որ դեռ եռում եք իմ մատաղ կրծքում,
Եվ հաճախ այնքան խաղաղ րոպեներ
Ինձ պարգևում եք կյանքի փոթորկում.
Որ երբեմն այնպես խուռըն երամով
Հանդես եք բերում ուրախ անցյալից
Գողտրիկ պատկերներ և վառ թռիչքով
Միտքըս անջատում տխուր ներկայից,—
Ո՛վ գիտե, գուցե, ժամանակն յուր հետ
Ձեզ մի օր տանե՜, ավերե՜ անհետ…